«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«ԵՍ ՎԱԽ ՉՈՒՆԵՄ, ԳՈՒՑԵ` ՏԽՐՈՒԹՅՈՒՆ»

«ԵՍ ՎԱԽ ՉՈՒՆԵՄ, ԳՈՒՑԵ` ՏԽՐՈՒԹՅՈՒՆ»
15.10.2010 | 00:00

Հոկտեմբերի 8-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման պրեմիերա էր: Անտոնիո Բուերո Վալիեխոյի «Երբ քնած է բանականությունը» ստեղծագործության հիման վրա ՏԻԳՐԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ բեմադրել է «Գոյա» ներկայացումը: Գոյայի դերը մարմնավորում է վաստակավոր արտիստ ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ, որը նաև բեմադրության ռեժիսորն է: Ներկայացում, որ ասելիք ունի բոլոր ժամանակների համար: Բախում` հանճարի և պետության, անհատի և ամբոխի միջև: Անձնական և համամարդկային ողբերգություն:
Երբ երկրում զանգվածային գլխատումներ են, վերացնում են ազատականներին, «հայրենասերները» ցնծում են, իսկ հանճարը թաքնվում է իր տանը: Տուն, որ մոտ է կամրջին։ Այստեղ նա նկարում է` ինչ ուզում է: Համատարած լռության մեջ հայտնվում է «Կանաչ թղթապանակը»` Գոյայի նամակն ընկերոջը, թագավորի բնորոշմամբ` իր անձի վիրավորանքների ժողովածուն: Հանդուգն նկարիչը համարվում է պետության և թագավորի թշնամին: «Ես վախ չունեմ, գուցե` տխրություն», ասում է Գոյան: Իսկ երկրի տիրակալը նկատում է` այս նամակը գրողը կամ հիմար է, կամ անվեհեր: Իշխանությունների թելադրանքով ժողովուրդը նույնպես սկսում է քարկոծել նկարչին: Պետք է առնվազն խելագար լինել` չվախենալու համար: Իսկ նա չի վախենում: Կախարդներ է նկարում, թեև չի հավատում կախարդներին: Երեսունմեկ տարվա խլությունը նրա աչքում մարդկանց դարձրել է դիմակներ, որոնք ճչում են լռության մեջ: Լսողությունը կորցրած նկարչին ձայներ են հասնում, որ երբեմն թվում են այնքա՜ն իրական: Հավատում է, որ մարդիկ կարող են թռչել, միշտ երազել է այդ մասին: Անգամ տեսել է թռչող մարդկանց, ովքեր մի օր ազատելու են երկիրը դաժանությունից: Աչքերը նույնպես կարող են խաբել, նկատում է բժիշկը, որը, թեև հասկանում է, որ խելահեղության մեջ է հանճարի ուժը, բայց չի կարող տեսնել այն, ինչ տեսնում է նկարիչը: Բժիշկը դժվարանում է գտնել դեղատոմս` հիվանդ երկիրը բուժելու: Նկարչին փրկելն ավելի դժվար է: Գոյայի կյանքը փրկելով` մենք կկործանենք նրան, ասում է նա։
Ներկայացումն ընդունվեց հոտնկայս ծափահարություններով: Մտորելու առիթ իսկապես կա: Մարդկության պատմության մեջ ոչինչ չի փոխվում: Ի՞նչ պատասխան է տալիս «Գոյան» բոլոր ժամանակների համար անլուծելի հարցերին: Ներկայացումից անմիջապես հետո զրուցեցինք դերասան ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ: «Դուք շատ բարձր մարզաձող եք դնում, եթե ուզում եք, որ այս ներկայացումը մարդկության մեջ, երկրագնդի կամ տիեզերական համակարգերում ինչ-որ բան փոխի: Դոստոևսկու խոսքերը հիշենք` երեխայի մի արցունքը տիեզերքից ավելի արժի: Եթե այստեղ մի փոքրիկ փշաքաղում եղավ, միգուցե ինչ-որ բան փոխվեց: Բայց ես չեմ ուզում այս ներկայացման մասին խոսել տիեզերական չափանիշներով: Իջնենք երկիր և տեղափոխվենք Հայաստան»:
Ըստ Վարդան Պետրոսյանի` բեմադրական աշխատանքներն ազդեցիկ և ուժեղ էին, ներկայացումը, ռեժիսուրան` շատ հետաքրքիր, բայց թույլ էր դրամատուրգիան, այդ իսկ պատճառով, չնայած կատարված աշխատանքներին, փոփոխություններին, որոշ հատվածներ ընդհանրապես ոչինչ չասող էին:
Արմեն Մարությանի խաղը նույնպես հիացրել էր Վարդան Պետրոսյանին: Ըստ նրա` ընտրությունը համարձակ էր, համոզիչ, թեև առաջին հայացքից թվում է` պետք է ընտրվեր «մի տեսակ ինտելիգենտ տեսք ունեցող, շարֆ կրող դերասան»: Կար մի դրվագ, երբ Արմեն Մարությանը հրաշալի պարում էր: Հետաքրքրվեցի, թե ինչ ասաց այդ կտորը դերասանին: «Պարը շատ հետաքրքիր էր որպես բեմադրական հատված: Երբ հանճարեղ, մաքուր մարդը քարկոծվում է (ես դա իմ կաշվի վրա եմ զգացել), արդեն ոչ թե արհամարհանք է ցույց տալիս, այլ մարտական կեցվածք, ստեղծագործական զայրույթ: Դուք գոռացեք, բայց ես իմն եմ ցույց տալիս… Այդ պարը, մի տեսակ, գայլի ոռնոց էր մենամարտից առաջ, ցույց էր տալիս հանճարի խրոխտ կեցվածքը, ինքն իրեն անդավաճան մնալը: Ինձ դուր եկավ այդ կտորը, ես շատ հուզվեցի»: Ինչո՞ւ Գոյա: Եվ արդյո՞ք սա պատմություն էր Գոյայի մասին: «Այստեղ բեմադրիչը Գոյա նկարչին առաջ չէր քաշել: Գոյան միջոց էր, որպեսզի ներկայացներ հանճարի և նրան իր ճիրանների մեջ ճզմող իշխանության խնդիրը: Չհասկացվածության խնդիրը: Ամբոխի և հանճարի խնդիրը: Գոյայի փոխարեն կարող էր լինել, ասենք, Մոլիերը: Ի դեպ, Տիգրան Գասպարյանը տասնյակ տարիներ առաջ բեմադրել է հրաշալի ներկայացում Մոլիերի մասին` արծարծելով նույն խնդիրը, շատ ավելի համարձակ` խորհրդային տարիների համար»:
Ներկայացմանը մասնակցում էին նաև դերասաններ Արամ Հովհաննիսյանը, Մարիաննա Մխիթարյանը, Մխիթար Մելքոնյանը, վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոևը, արվեստի վաստակավոր գործիչ Անդրանիկ Հարությունյանը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2968

Մեկնաբանություններ